Ռուսաստանում նմանատիպ սահմանափակումներ մտցնելուց շատ չանցած դրանք վերացվեցին, քանի որ ուժեղ հարված հասցվեց բիզնեսին, պետք է հասկանալ, որ հանրային սննդի ոլորտն այն վայրը չէ, որը նպաստում է կորոնավիրուսի տարածմանը՝ մենք խստորեն պահպանում ենք հակահամաճարակային կանոնները: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ «Ազատության» հետ զրույցում օրերս արած այն հայտարարությանը, որ նախարարությունում օրինագիծ է մշակվում ժամանցի վայրեր այցելելու համար պատվաստված լինելը կամ թեստավորվելը պարտադիր դարձնելու համար:

«Առողջապահության նախարար տիկին Ավանեսյանին, ում հետ ծանոթ ենք, ընկերաբար հորդորել եմ դրա փոխարեն ուշադրություն դարձնել հանրային տրանսպորտին եւ իրենց կողմից կազմակերպվող քաղաքական հավաքներին, որոնք շատ հավեսով իրականացնում են: Առաջին անգամը չէ, որ Առողջապահության նախարարությունը որդեգրում է արգելքների եւ տուգանքների ճանապարհը՝ միաժամանակ տապալելով քարոզչական գործառույթը՝ իրենք պարտավոր են առողջ ապրելակերպ, ծխելուց հրաժարվելը քարոզել, բայց այլ ճանապարհով են գնում՝ սահմանափակելով ռեստորանային ոլորտի եկամուտները:

Առաջին ամիսներին ծաղրում էին այս հարցը, հետո սկսեցին մեծ ուշադրություն դարձնել, ապա՝ մինչեւ 20 մլրդ դրամ վատնել նախորդ տարում զրոյական արդյունք ունեցող կոնտակտավորներին մեկուսացնելու եւ նրանց կեցությունը հոգալու համար: Առողջապահության նախարարության թեթեւ ձեռքով 500 միլիոն դոլար է վատնվել կորոնավիրուսի՝ հայրենական արտադրության թեստ մշակելու վրա՝ արդյունքը՝ 0: Դա տեղի էր ունենում այն ժամանակ, երբ մեր ոլորտի գործարարները մի կերպ՝ ծայրը ծայրին հասցնելով, հոգում էին իրենց աշխատակիցների սոցիալական կարիքները, որպեսզի նվազագույն գումար կաորղանային վաստակել եւ իրենց ընտանիքները պահել, եւ դա այն դեպքում, երբ պետությունը շատ փոքր գումար էր քաղաքացիներին տրամադրում, որը նրանց կյանքում որեւէ բան չէր փոխում:

Այդ բարձր պաշտոնատար այրերին, որոնք քմծիծաղով ասում էին՝ ինչ որոշեն, տենց էլ կանենք, խորհուրդ կտամ իջնել իրականություն եւ վերջապես հասկանալ, որ մեր տնտեսությունը գտնվում է խորը ճգնաժամում, 100 հազար մարդ է հեռացել երկրից, որը Երեւանի 10% բնակչությանն է հավասար, ունենք գնաճ եւ խորացող ճգնաժամ, պետական պարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 60%-ը: Ամեն ոլորտ շատ պետք է աշխատի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ճգնաժամը, իսկ այս որոշումը հարված է հասցնելու մի ոլորտի, որը զբաղվածություն է ապահովում 50 000 մարդու համար, իսկ մինչճգնաժամային 2019թ. ընթացքում ապահովել է մինչեւ 900 միլիոն դոլարի շրջանառություն:

2020թ. սկզբին կորոնավիրուսի դեմ պայքարի տապալումն ուժեղ հարված հասցրեց ռեստորանային բիզնեսին, հետո էլ՝ պատերազմը: Այսքանից հետո նմանատիպ նոր հարվածը մեր բիզնեսի համար ուղղակի մահացու կլինի»,- նշեց Բարսեղյանը:

Նրա համոզմամբ՝ պետությունը այդ որոշման կատարումն ապահովելու բավարար ռեսուրս չի ունենալու՝ միջոցների հերթական վատնումը կլինի:

«Իրենց թվում է՝ մատ թափ տալով կկարողանան հարց լուծել, գիտեն, թե ինչպես ուժային կառույցներն են մատ թափ տալով ղեկավարում, այդպես էլ կարող են տնտեսական ոլորտի վրա մատ թափ տալով այն աշխատեցնել: Թո՛ղ նայեն Ռուսաստանի փորձը եւ հասկանան, որ ցանկացած նոր սահմանափակում մտնցնելն ավելի մեծ վտանգներ է ստեղծելու, քան առողջապահականը:

Եթե դուք լինեք օդանավակայանում, գերագույն աստիճանի հասնող աբսուրդի ականատես կլինեք՝ հարյուրավոր մարդիկ բառի բուն իմաստով իրար գլխի են լցված սահմանված զոնայի ներքին եւ արտաքին կողմերում, սա է նրանց աշխատելաոճը՝ չեն տեսնում խնդիրն այնտեղ, որտեղ այն կա, եւ գտնում են խնդիր այնտեղ, որտեղ չկա»,- նկատեց Բարսեղյանը:

Ոլորտի ներկայացուցիչների հետ, ըստ Բարսեղյանի, պարտադիր պատվաստման հարցի վերաբերյալ է առողջապահության նախարարությունը քննարկում անցկացրել, եւ թե՛ «Ռեստորանների ասոցիացիան», թե՛ «Հյուրանոցների ասոցիացիան» բացասակն կարծիք են արտահայտել՝ շեշտելով, որ հակաիրավական ճանապարհներով ոչ մի քայլ չի կարող արդարացվել, եւ չի կարելի մարդկանց դրդել գնալու օրինախախտումների:

«Ոչ ոք չի կարող մարդուն պատրադրել պատվաստվել եւ դա չանելու հիմքով ազատել աշխատանքից: Ինչու՞ պետք է պետությունը մի իրավիճակ ստեղծի, երբ մեկ տարվա ճգնաժամից հետո ոլորտը նոր խնդրի մեջ հայտնվի: Ոչ ոք չի կարող իր աշխատողին ստիպել որեւէ բան անել, որովհետեւ 80 հազար դրամ ստացող մարդը չի կարող 20 հազար դրամ ծախսել նախարարի քմահաճույքի վրա: Մենք երկու կողմից սանկցիայի տակ ենք հայտնվելու՝ մի կողմից աշխատակիցներն են մեզ դատի տալու՝ հաղթելով դատարանում՝ փաստելով, որ իրենց չենք կարող աշխատանքից ազատել, մյուս կողմից՝ պետությունն է պատժամիջոցներով սպառնում: Առողջապահական դաշտով իրավախախտումներն արդարացնել չի կարելի որեւէ պարագայում: Տնտեսությունը նման մահակների ճնշման տակ չի կարող աշխատել, բիզնեսն ինքնակարգավորվող ոլորտ է, եւ այդ ճկուն ոլորտը նման սահմանափակումների ենթարկել չի կարելի, եւ գործարարները, տեսնելով գործադրվող ճնշումները, տեսնելով, թե ինչպես է պետությունը բիզնեսի վրա մատ թափ տալիս, հեռանում են Հայաստանից, տեղափոխում կապիտալն արտերկիր»,- շեշտեց Բարսեղյանը:

(Visited 15 times, 1 visits today)

от sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *