Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ․ երկու արտասովոր ախտանշան, որոնք հուշում են խնդրի մասին

Խոլեստերինը ճարպանման նյութ է և համարվում է այն հիմնական բաղադրիչներից մեկը, որոնք օգնում են մարմնին տեղծել առողջ բջիջներ ու հորմոններ արտազատել: Սա շատ կարևոր նյութ է, սակայն դրա մակարդակի բարձրացումը կարող է շատ վտանգավոր խնդիրների, այդ թվում՝ սրտի հիվանդությունների ու գլխուղեղի կաթվածի զարգացման պատճառ դառնալ: Սա պայմանավորված է նրանով, որ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում դրա մասնիկները կուտակվում են անոթներում և հանգեցնում են խցանման՝ խանգարելով արյան շրջանառությունը: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է վերահսկողության տակ պահել խոլեստերինի մակարդակն ու խուսափել դրա բարձրացումից:

Օրգանիզմում խոլեստերինի մակարդակի բարձրացումը սովորաբար չի ուղեկցվում որևէ ակնհայտ ախտանշանով, ուստի այն վերահսկողության տակ պահելու և խնդիրը շուտ հայտնաբերելու համար հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել։ Եթե խոլեստերինի մակարդակի բարձրացումն ուղեկցվում է որևէ ախտանշանով, ապա խնդիրն ամենայն հավանականությամբ խորացած է և կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ։ Այնուամենայնիվ, անգամ այս փուլում հիվանդությունը նկատելն ու անհապաղ միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է, ուստի հարկավոր է անպայման սովորել տարբերել խնդրի մասին հուշող ախտանշանները։

Սրտաբան Սամի Ֆարուզիի խոսքով՝ օրգանզիմում խոլեստերինի բարձր մակարդակը կարելի է հեշտությամբ ախտորոշել արյան հետազոտության միջոցով, սակայն երբեմն խնդիր դրսևորվում է որոշակի արտաքին փոփոխություններով, որոնք թույլ են տալիս նկատել այն անգամ առանց բուժզննման։ Ինչպես նշում է մասնագետը, արյունատար անոթները խցանող ճարպային այս կուտակումները կարող են ոտքերի եղունգների որոշակի փոփոխություններ առաջացնել, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

«Առանցքային ախտանշաններից մեկը ոտքերի եղունգների փխրունությունն է, երկրորդը՝ դրանց դանդաղ աճը։ Այս երկու առանցքային ախտանշանները պայմանավորված են լինում արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակով, ինչը կարող է հանգեցնել ծայրամասային նյարդերի հիվանդությունների», — նշել է Ֆարուզին։

Նրա խոսքով՝ ծայրամասային նյարդերի հիվանդությունների դեպքում ճարպային կուտակումները խցանում են զարկերակը՝ դադարեցնելով արյան հոսքը դեպի ոտքերի մկաններ։ Եթե այդ գործընթացը հանգեցնում է լուրջ խնդիրների և ուղեկցվում է ոտքերին մատակարարվող արյան հոսքի զգալի թուլացմամբ, ապա մեծանում է վերջույթների կրիտիկական իշեմիայի զարգացման հավանականությունը։

Բժիշկը հիշեցրել է, որ NHS առողջապահական ծառայությունը խորհուրդ է տալիս հետևողական լինել օրգանիզմում խոլեստերինի մակարդակի ցուցանիշներին և պահպանել ընդհանուր խոլեստերինի մակարդակը 5 մմոլ/լ-ի սահմաններում, ինչին կարելի է հեշտությամբ հասնել սննդակարգում հագեցած ճարպերի քանակությունը նվազեցնելով և դրանք չհագեցած ճարպերով փոխարինելով։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

(Visited 196 times, 1 visits today)

Admin

Наверх