«Լավ դերի համար պատրաստ եմ նաև սափրել գլուխս». Սոնա Մաթևոսյանը՝ դաջվածքների սիրահար լինելու և մարմնավորած կերպարների մասին

Դերասանուհի Սոնա Մաթևոսյանը տևական ժամանակ է`չի նկարահանվում երկարաժամկետ նախագծերում և հիմնական գործունեությունը ծավալում է Women’s club-ում և Կամերային թատրոնում: Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է այս շրջանի զբաղվածության, թատրոնի և արտաքին փոփոխությունների մասին:

Դերասանուհին տևական դադարից հետո առաջին անգամ է հարցազրույց տալիս և նշեց, որ ժամանակին բացասական մեկնաբանությունները վատ ազդեցություն են ունեցել իր վրա:

«Տևական ժամանակ անց հարցազրույց եմ տալիս, քանի որ ժամանակին շատ ծանր էի տանում յուրաքանչյուր բացասական մեկնաբանություն: Հարցազրույցներից մեկի մեկնաբանություններում կարդացի բացասական խոսքեր, որոնք ինձ շատ կոտրեցին, բայց հիմա բավականին թեթև եմ մոտենում և կոփվել եմ այդ հարցում»,- անկեղծացավ նա։

Անդրադառնալով գործունեությանը՝ նա նշեց, որ երկարաժամկետ սերիալներում խաղալու մասին չի մտածում, քանի որ ֆիզիկապես չի հասցնի։ «Մասնագիտական ծանրաբեռնվածությունս բավականին շատ է, ունեմ նկարահանումներ, փորձեր ու ընթացիկ ներկայացումներ թատրոնում,- ասաց նա և հավելեց, որ այս պահին բաց է կարճաժամկետ նախագծերի համար: -Վերջին շրջանում բավականին շատ են բազմասերիանոց հեռուստաֆիլմերը, այդ նախագծերի վրա լավ աշխատանք է տարվում»:

Սոնան նշեց, որ մասնագիտական կրթություն ունենալն իրեն հնարավորություն է տալիս կերտել տարբեր կերպարներ: «Մասնագիտությամբ թատրոնի և կինոյի դերասանուհի եմ ու կարողանում եմ մարմնավորել թե՛ հումորային, թե՛ դրամատիկական կերպարներ»,- ասաց նա:

Դերասանական գործունեության մասին խոսելիս նա շեշտեց, որ մեծ ցանկություն ունի նկարահանվել գեղարվեստական ֆիլմում: «Պրոֆեսիոնալ անձնակազմի հետ կարող ենք որակյալ արտադրություն ստանալ ու հանձնել հեռուստադիտողի դատին: Լավ դերի համար պատրաստ եմ նաև ամբողջությամբ սափրել գլուխս»,- ասաց Սոնան:

Դերասանուհու խոսքով՝ բեմում և առօրյա կյանքում լիովին տարբեր է: «Բնավորությամբ շատ հանգիստ, հանդարտ և համբերատար մարդ եմ: Բոլոր այն մարդիկ, որոնք նոր են ծանոթանում ինձ հետ, զարմանում են, քանի որ մտածում են առօրյայում էլ եմ «գժոտ» կերպար, բայց իմ աշխատանքն է բեմում լինել այդպիսին»,- ասաց նա և ընդգծեց, որ այն, ինչ տեսնում է հանդիսատեսը, պարտադիր չէ, որ լինի նաև իրական կյանքում:

Դերասանուհին նաև շեշտեց, որ թատրոնը լիովին հագեցնում է իր մասնագիտական պահանջմունքները: «Թատրոնն ինձ համար առաջնային է, այն օգնում է չժանգոտել մասնագիտության մեջ, դերասանին պահում է ռիթմի մեջ: Ես իսկապես լիցքավորվում եմ թատրոնից, շուտով հանդիսատեսն ինձ կտեսնի նոր ներկայացումներում, որոնք կլինեն ամռանը»,- ասաց նա:

Նա խոսեց նաև արտաքին փոփոխությունների և պլաստիկ միջամտությունների մասին և ընդգծեց, որ բաց է այս հարցում: «Դեմ չեմ պլաստիկ միջամտություններին, ժամանակին վիրահատել եմ քիթս, քանի որ մի շարք կոմպլեքսներ ունեի: Կարծում եմ՝ էսթետիկ միջամտությունների պարագայում էլ դա ամեն մարդու անհատական որոշումն է, բայց կարևոր է երբեք չափը չանցնել և կարծում եմ, որ իմ պարագայում ամեն ինչ չափի մեջ է»,- ասաց դերասանուհին:

Մի քանի ամիս առաջ Սոնան փոխել է մազերի գույնը և դարձել շիկահեր: Նա նշեց, որ մազերի հետ կապված փոփոխություններն իր տրամադրության արտացոլումն են: «Ժամանակ առ ժամանակ մազերիս վրա փորձարկումներ կատարում եմ, մազերիս որակն էլ դա թույլ է տալիս: Քովիդից հետո ինձ մոտ դեպրեսիվ շրջան էր, կտրուկ որոշեցի բացացնել մազերս, կարծում եմ, սազում է»,- ասաց նա:

Դերասանուհին իր մարմնի վրա ունի 2 դաջվածք։ «Նախորդ տարի ծննդյանս օրն ինձ նվեր արեցի և միջնամատիս դաջեցի էներգիայի սիմվոլը։ Դա երկրորդ դաջվածքս էր, բայց վստահաբար ոչ վերջինը: Առաջին դաջվածքը ձեռքիս վրա է, դաջել եմ «Art» բառը»,- ասաց նա և հավելեց, որ պիրսինգներ ևս սիրում է:

(Visited 42 times, 1 visits today)

Admin

Наверх